Գաղտնիության քաղաքականություն
Անձնական տվյալների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
1. Անձնական տվյալները մշակելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, այլ օրենքներով:
Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:
2. Պետական և ծառայողական, բանկային, նոտարական, փաստաբանական, ապահովագրական գաղտնիք համարվող, ազգային անվտանգությանը կամ պաշտպանությանն առնչվող գործողությունների ժամանակ օգտագործվող, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի, օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կամ դատավարություններում օգտագործվող անձնական տվյալների հետ կապված առանձնահատկությունները կարգավորվում են այլ օրենքներով:
3. Սույն օրենքով սահմանված անձնական տվյալներ մշակելու սահմանափակումները չեն տարածվում բացառապես լրագրության, գրական և գեղարվեստական նպատակներով մշակվող անձնական տվյալների վրա:
4. Այլ օրենքներով կարող են սահմանվել անձնական տվյալներ մշակելու, հսկողություն իրականացնելու առանձնահատկություններ: Այլ օրենքներով հսկողություն իրականացնող մարմին սահմանված լինելու դեպքում լիազոր մարմինն իր լիազորություններն իրականացնում է սույն օրենքով սահմանված կարգով:
Օրենքի հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) անձնական տվյալ` ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.
2) անձնական տվյալների մշակում` անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ.
3) անձնական տվյալների փոխանցում երրորդ անձանց` անձնական տվյալները որոշակի կամ անորոշ շրջանակի այլ անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված գործողություն, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելը.
4) անձնական տվյալների օգտագործում` անձնական տվյալների հետ կատարվող գործողություն, որի ուղղակի կամ անուղղակի նպատակը կարող է լինել որոշումներ ընդունելը կամ կարծիք ձևավորելը կամ իրավունքներ ձեռք բերելը կամ իրավունքներ կամ արտոնություններ տրամադրելը կամ իրավունքները սահմանափակելը կամ զրկելը կամ այլ նպատակի իրագործումը, որոնք տվյալների սուբյեկտի կամ երրորդ անձանց համար առաջացնում կամ կարող են առաջացնել իրավական հետևանքներ կամ այլ կերպ առնչվել նրանց իրավունքներին ու ազատություններին.
5) անձնական տվյալներ մշակող` պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային հիմնարկ կամ կազմակերպություն, իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը կազմակերպում և (կամ) իրականացնում է անձնական տվյալների մշակում.
6) տվյալների սուբյեկտ` ֆիզիկական անձ, որին վերաբերում են անձնական տվյալները.
7) տվյալների բազա` որոշակի հատկանիշներով համակարգված անձնական տվյալների ամբողջություն.
8) տեղեկատվական համակարգ` տվյալների բազայում ներառված անձնական տվյալների, դրանց էլեկտրոնային կամ ոչ էլեկտրոնային եղանակով մշակելու համար կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեխնիկական միջոցների ամբողջություն.
9) անձնական տվյալների ապանձնավորում` գործողություններ, որոնց արդյունքում հնարավոր չէ որոշել տվյալների պատկանելությունը կոնկրետ տվյալների սուբյեկտին.
10) անձնական տվյալների ուղեփակում` անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու հնարավորության ժամանակավոր կասեցում.
11) անձնական տվյալների ոչնչացում` գործողություն, որի արդյունքում հնարավոր չէ վերականգնել տեղեկատվական համակարգում առկա անձնական տվյալների բովանդակությունը.
12) անձնական կյանքի տվյալներ՝ անձի անձնական կյանքի, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նման այլ տեղեկություններ.
13) կենսաչափական անձնական տվյալներ` անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկություններ.
14) հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ` անձի ռասայական, ազգային պատկանելությանը կամ էթնիկ ծագմանը, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, արհեստակցական միությանն անդամակցությանը, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկություններ.
15) հանրամատչելի անձնական տվյալներ` տեղեկություններ, որոնք տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ իր անձնական տվյալները հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար, ինչպես նաև այն տեղեկությունները, որոնք օրենքով նախատեսված են որպես հանրամատչելի տեղեկություններ.
16) լիազորված անձ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային հիմնարկ կամ կազմակերպություն, որին տվյալների մշակողի կողմից օրենքով սահմանված դեպքերում կամ պայմանագրի հիման վրա պատվիրվել է հավաքել, մուտքագրել, համակարգել կամ այլ կերպ մշակել անձնական տվյալներ.
17) երրորդ անձ՝ ցանկացած անձ, մարմին, հիմնարկ կամ կազմակերպություն, որը չի հանդիսանում տվյալների սուբյեկտ, անձնական տվյալների մշակող կամ լիազորված անձ, և որի իրավունքները կամ օրինական շահերը շոշափվում կամ կարող են շոշափվել անձնական տվյալները մշակելու արդյունքում:
Հանրամատչելի անձնական տվյալները
1. Տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում կարող է սահմանվել անձնական տվյալների հանրամատչելի տեղեկատվության ռեժիմ (հեռախոսային տեղեկատուներ, հասցեների գրքեր, կենսագրական տեղեկատուներ, մասնավոր հայտարարություններ, եկամուտների հայտարարագրում և այլն): Հանրամատչելի են համարվում անձի անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, վայրը, մահվան վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, ինչպես նաև այն անձնական տվյալները, որոնք տվյալների սուբյեկտի կողմից հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար:
2. Տվյալների սուբյեկտի վերաբերյալ տեղեկությունները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների, կարող են հանվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից տվյալների սուբյեկտի պահանջով կամ դատական կարգով:
3. Պայմանագրի հիման վրա մշակվող տվյալները կարող են հանվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով:
Անձնական տվյալներ մշակողի պարտականություններն անձնական տվյալները հավաքելու ընթացքում
1. Անձնական տվյալները մշակելու ընթացքում մշակողը պարտավոր է տվյալների սուբյեկտի պահանջով նրան տրամադրել սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվությունը:
2. Ոչ ամբողջական, ոչ ճշգրիտ, հնացած, անօրինական ճանապարհով ձեռք բերված կամ մշակելու նպատակներին հասնելու համար ոչ անհրաժեշտ անձնական տվյալների դեպքում անձնական տվյալներ մշակողը պարտավոր է անհրաժեշտ գործողություններ իրականացնել դրանք ամբողջացնելու, թարմացնելու, ուղղելու կամ ոչնչացնելու ուղղությամբ:
3. Մշակողը պարտավոր է տվյալների սուբյեկտին գրավոր պարզաբանել անձնական տվյալները չտրամադրելու հետևանքները, այդ թվում՝ անձնական տվյալների սուբյեկտի իրավունքները:
4. Եթե անձնական տվյալներն ստացվել են ոչ տվյալների սուբյեկտից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև հանրամատչելի անձնական տվյալների, ապա մշակողը մինչև այդպիսի անձնական տվյալները մշակելը պարտավոր է տվյալների սուբյեկտին տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.
1) մշակողի կամ նրա լիազորած անձի (առկայության դեպքում) անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը) և գտնվելու կամ հաշվառման (փաստացի բնակության) վայրը.
2) անձնական տվյալները մշակելու նպատակը և իրավական հիմքը, մշակվող տվյալների ցանկը.
3) անձնական տվյալների հավանական օգտագործողների շրջանակը.
4) տվյալների սուբյեկտի` սույն օրենքով սահմանված իրավունքները:
Անձնական տվյալներ մշակելու անվտանգության ապահովման միջոցները և մշակողի պարտականությունները
1. Մշակողը պարտավոր է ոչնչացնել կամ ուղեփակել անձնական այն տվյալները, որոնք անհրաժեշտ չեն օրինական նպատակին հասնելու համար:
2. Անձնական տվյալները մշակելու ընթացքում մշակողը պարտավոր է օգտագործել գաղտնագրման միջոցներ` անձնական տվյալներ պարունակող տեղեկատվական համակարգերի պաշտպանվածությունը պատահական կորստից, տեղեկատվական համակարգեր անօրինական մուտք գործելուց, անձնական տվյալների անօրինական օգտագործումից, ձայնագրումից, ոչնչացումից, վերափոխումից, ուղեփակումից, կրկնօրինակումից, տարածումից և այլ միջամտությունից ապահովելու համար:
3. Մշակողը պարտավոր է կանխել անձնական տվյալների մշակման համապատասխան տեխնոլոգիաների մատչելիությունը դրա իրավունքը չունեցող անձանց համար և ապահովել, որ այդ համակարգերի օրինական օգտագործողի համար հասանելի լինեն միայն իր կողմից մշակման ենթակա տվյալները և այն տվյալները, որոնցից թույլատրված է օգտվել:
4. Տեղեկատվական համակարգերում անձնական տվյալները մշակելու անվտանգությունն ապահովելուն ներկայացվող պահանջները, կենսաչափական անձնական տվյալների նյութական կրիչներին և տեղեկատվական համակարգերից դուրս այդ անձնական տվյալները պահպանելու տեխնոլոգիաներին ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
5. Օրենքով հսկողություն իրականացնող այլ մարմին սահմանված լինելու դեպքում այդ մարմինը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կարող է սահմանել սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պահանջներից ավելի բարձր պահանջներ:
6. Տեղեկատվական համակարգերից դուրս կենսաչափական անձնական տվյալների օգտագործումն ու պահպանումը կարող են իրականացվել միայն այնպիսի նյութական կրիչների միջոցով, տեխնոլոգիաների կիրառմամբ կամ ձևերով, որոնք ապահովում են այդ տվյալների պաշտպանվածությունը դրանց անօրինական մուտք գործելուց, անձնական տվյալների անօրինական օգտագործումից, ոչնչացումից, վերափոխումից, ուղեփակումից, կրկնօրինակումից, տարածումից և այլն:
7. Անձնական տվյալներ մշակողները կամ սույն օրենքով նախատեսված այլ անձինք պարտավոր են պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը ինչպես անձնական տվյալները մշակելու հետ առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո:
8. Սույն հոդվածի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը` առանց տեղեկատվական համակարգերում մշակվող անձնական տվյալները մշակելու իրավունքի:
9. Անձնական տվյալներ մշակող իրավաբանական անձինք իրենց տիրապետման տակ գտնվող անձնական տվյալներ մշակող էլեկտրոնային համակարգերը բավարար պաշտպանության մակարդակ ունեցող ճանաչելու և ռեեստրում ընդգրկելու նպատակով կարող են դիմել անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին:
Անձնական տվյալներ մշակողի պարտականությունները տվյալների սուբյեկտի կամ լիազոր մարմնի գրավոր հարցման, անձնական տվյալների ծանոթացման, մշակողի կամ լիազորված անձի կողմից խախտումներ հայտնաբերելու դեպքերում
1. Մշակողը պարտավոր է սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով տվյալների սուբյեկտին և լիազոր մարմնին տեղեկատվություն տրամադրել տվյալների սուբյեկտի վերաբերյալ անձնական տվյալների առկայության մասին կամ հնարավորություն ընձեռել ծանոթանալու դրանց գրավոր հարցումը ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում:
2. Մշակողը պարտավոր է տվյալների սուբյեկտին հնարավորություն ընձեռել անվճար ծանոթանալու տվյալների սուբյեկտին վերաբերող անձնական տվյալներին: Եթե տվյալների սուբյեկտի անձնական տվյալներն ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար, ապա մշակողի կամ լիազորված անձի կողմից դրանք հայտնաբերվելու կամ տվյալների սուբյեկտի կամ օրինական ներկայացուցչի (կամ լիազորված անձի) կողմից դիմում ստանալուց հետո մշակողը պարտավոր է անհապաղ կամ նման հնարավորության բացակայության դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ գործողություններ իրականացնել դրանք ամբողջացնելու, թարմացնելու, ուղղելու, ուղեփակելու կամ ոչնչացնելու ուղղությամբ:
3. Մշակողը պարտավոր է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա նրա գործունեության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել հարցումն ստանալու օրվանից հինգ օրվա ընթացքում:
4. Տվյալների սուբյեկտի գրավոր պահանջի հիման վրա տվյալների սուբյեկտի անձնական տվյալները տրամադրելը, ուղղելը, ուղեփակելը կամ ոչնչացնելը մերժելու դեպքում մշակողը պարտավոր է տվյալների սուբյեկտին և լիազոր մարմնին հարցումն ստանալու օրվանից հինգ օրվա ընթացքում տրամադրել պատճառաբանված գրավոր որոշում` հղում կատարելով այն օրենքի դրույթներին, որոնք հիմք են հանդիսացել որոշում ընդունելու համար:
5. Անձնական տվյալները տրամադրելը, ուղղելը, ուղեփակելը կամ ոչնչացնելը մերժելու հիմքերը լիազոր մարմնի կողմից հիմնավորված չհամարվելու դեպքում մշակողը պարտավոր է անհապաղ տրամադրել, ուղղել, ուղեփակել կամ ոչնչացնել տվյալների սուբյեկտի անձնական տվյալները կամ լիազոր մարմնի որոշումը բողոքարկել դատական կարգով:
Մշակողի պարտականություններն անձնական տվյալներ մշակելու ընթացքում թույլ տված օրենսդրության խախտումները վերացնելիս, անձնական տվյալներն ուղղելիս, ուղեփակելիս կամ ոչնչացնելիս
1. Տվյալների սուբյեկտի կամ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի հարցման հիման վրա անձնական տվյալների հավաստիությունը կամ մշակելու օրինականությունը վիճարկվելու դեպքում մշակողը պարտավոր է ուղեփակել տվյալների սուբյեկտին վերաբերող անձնական տվյալները` սկսած հարցումն ստանալու պահից մինչև ստուգման գործողությունների ավարտը:
2. Անձնական տվյալների ոչ ճշգրիտ լինելը հաստատվելու դեպքում մշակողը պարտավոր է տվյալների սուբյեկտի կամ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ներկայացրած փաստաթղթերի կամ այլ անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա ուղղել անձնական տվյալները և վերացնել դրանց ուղեփակումը:
3. Անձնական տվյալների հետ իրականացվող անօրինական գործողություններ հայտնաբերելու դեպքում մշակողը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թույլ տված խախտումները: Խախտումները վերացնելու անհնարինության դեպքում մշակողը պարտավոր է անհապաղ ոչնչացնել անձնական տվյալները: Խախտումները վերացնելու կամ անձնական տվյալները ոչնչացնելու մասին մշակողը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել տվյալների սուբյեկտին կամ նրա ներկայացուցչին, իսկ այն դեպքում, երբ հարցումն ստացվել է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնից՝ նաև այդ մարմնին:
4. Էլեկտրոնային համակարգերից անձնական տվյալների արտահոսքի դեպքում մշակողը պարտավոր է այդ մասին անհապաղ հրապարակել հայտարարություն՝ միաժամանակ արտահոսքի վերաբերյալ հայտնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին:
5. Անձնական տվյալները մշակելու նպատակին հասնելու դեպքում մշակողը պարտավոր է անհապաղ դադարեցնել տվյալներ մշակելը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
6. Տվյալների սուբյեկտի համաձայնությունը գրավոր` հաստատված ստորագրությամբ կամ էլեկտրոնային եղանակով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, հետ կանչվելու դեպքում մշակողը պարտավոր է դադարեցնել անձնական տվյալներ մշակելը և ոչնչացնել տվյալները հետկանչն ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ տվյալների սուբյեկտի և մշակողի փոխադարձ համաձայնությամբ կամ օրենքով: Մշակողը պարտավոր է ոչնչացնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում տվյալների սուբյեկտին տեղեկացնել անձնական տվյալները ոչնչացնելու մասին:
Լիազոր մարմնի լիազորությունների իրականացման կարգը հսկողություն իրականացնող այլ մարմնի միջոցով\
1. Եթե օրենքով սահմանված է հսկողություն իրականացնող այլ մարմին, ապա հսկողություն իրականացնող այդ մարմինը լիազոր մարմնին տրամադրում է իրավաբանական անձանց անձնական տվյալներ մշակող էլեկտրոնային համակարգերը բավարար պաշտպանության մակարդակ ունեցող ճանաչելու վերաբերյալ եզրակացություն:
2. Եթե օրենքով սահմանված է հսկողություն իրականացնող այլ մարմին, ապա լիազոր մարմինն անձնական տվյալների պաշտպանության մասին դիմումները, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ տեղեկությունները փոխանցում է հսկողություն իրականացնող այդ մարմնին:
3. Հսկողություն իրականացնող այլ մարմինն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում իր կայացրած որոշումները կամ անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ կատարված գործողությունների մասին տեղեկությունները սեղմ ժամկետում ուղարկում է լիազոր մարմին:
4. Հսկողություն իրականացնող այլ մարմնի որոշումները, գործողություններն ու անգործությունը լիազոր մարմինը կարող է բողոքարկել դատական կարգով:
Անձնական տվյալները մշակելու վերաբերյալ լիազոր մարմնին ծանուցելը
1. Մշակողը մինչև անձնական տվյալները մշակելը իրավունք ունի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին ծանուցելու տվյալներ մշակելու մտադրության մասին:
2. Լիազոր մարմնի պահանջով մշակողը պարտավոր է ծանուցում ուղարկել լիազոր մարմին:
3. Մշակողը մինչև կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելը պարտավոր է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին ծանուցել տվյալներ մշակելու մտադրության մասին:
4. Ծանուցման մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.
1) մշակողի կամ լիազորված անձի (առկայության դեպքում) անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը), գտնվելու կամ հաշվառման վայրը.
2) անձնական տվյալներ մշակելու նպատակը և իրավական հիմքերը.
3) անձնական տվյալների շրջանակը.
4) տվյալների սուբյեկտների շրջանակը.
5) անձնական տվյալների հետ կատարվող գործողությունների ցանկը, մշակողի կողմից անձնական տվյալների մշակման եղանակների ընդհանուր նկարագիրը.
6) այն միջոցների նկարագիրը, որոնք մշակողը պարտավորվում է իրականացնել անձնական տվյալները մշակելու անվտանգության ապահովման ուղղությամբ.
7) անձնական տվյալների մշակումն սկսելու ամսաթիվը.
8) անձնական տվյալների մշակումն ավարտելու ժամկետները և պայմանները:
5. Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը ծանուցումն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև տվյալ ծանուցումն ուղարկելու ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները մուտքագրում է մշակողների ռեեստր:
6. Մշակողի վրա չեն կարող դրվել անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի կողմից անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ ծանուցման քննարկման, ինչպես նաև տեղեկությունները մշակողների ռեեստր մուտքագրելու հետ կապված ծախսերը:
7. Այն դեպքում, երբ մշակողի կողմից ներկայացված՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները լրիվ կամ ճշգրիտ չեն, ապա անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինն իրավունք ունի մշակողից պահանջելու հստակեցնել ներկայացված տեղեկությունները մինչև դրանք մշակողների ռեեստր մուտքագրելը:
8. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունների փոփոխման դեպքում մշակողը պարտավոր է փոփոխությունների մասին ծանուցել անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին` փոփոխություններն ի հայտ գալու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում: